Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սրտաբեկ, տխուր պոետ արևավոր

Սրտաբեկ, տխուր պոետ արևավոր
10.02.2015 | 12:40

Հայ իրականության մեջ իրենց նշանակալի դերն ունեցած անհատներին մեր հարգանքը, մեծարումը, նրանց հիշատակին մեր խոնարհումը շարունակական պահելը պատիվ է նրանց հիշողներիս համար:
Վահան Տերյան բանաստեղծն իր կյանքն ապրեց լուսավոր ու բեղուն։ Նրա հոգու ամենազգայուն նրբերանգները վերարտադրող պոեզիան շշնջյունով է թափանցում ընթերցողի էության մեջ դեռ պարմանության տարիներին: Հետո իր մեղմ քնքշությամբ ու ազնիվ թախիծով տարիների հետ ներծծվում է հոգու բոլոր ծալքերում, դառնում նրա սեփականը, դառնում նրա անբաժանելի ուղեկիցը ողջ կյանքում:
Տարաբնույթ են եղել տերյանական պոեզիային առնչվող կարծիքներն ու գնահատանքները. ոմանք նրան համարել են աշնան երգիչ, մելանխոլիկ, տխուր, մերժված սիրո պոետ, ոմանք էլ` պարզապես լիրիկ բանաստեղծ: Հարկ է նկատել, որ Տերյանը նախ և առաջ մեծ փիլիսոփա է, նրա պոեզիան և՛ պարզ է, և՛ խորունկ, և՛ մատչելի է, և՛ անառիկ, հմայիչ է, իմաստուն է, հանճարեղ է:
Եվ որպեսզի կարողանանք թափանցել նրա գործերի խորքը, հասկանալ նրա ասելիքը` նախ փորձենք ճանաչել ակունքը, որտեղից սկիզբ առավ մի փոքրիկ առվակ, ապա հորդանալով, որպես ջրառատ ու արագընթաց գետ, սլացավ` հզորանալով ու համարձակ ընթացքով թափվեց համաշխարհային արժեքների հորձանուտ` պահպանելով իր գույնն ու բույրը, իր ոսկեղենիկ լեզվի բոլոր նրբերանգները, իր ազգային ինքնությունը:
«Գանձան լիքն է… մշուշային թախիծով ու քնքուշ երազներով»: Հովհաննես Թումանյանի վկայած այս պատկերը թող մեզ մտովի տանի Գանձա` Տերյանի ծննդավայրը: «Օ՜, Գանձայի քնարական երեկոներ, դուք թռցրիք Վահանի հոգին բանաստեղծական և գերզգայական ոլորտները, դուք անմահացաք նրա տաղանդի կախարդանքով, դարձաք երգ ու հեքիաթ, մաքուր սփոփանք և բարձր արվեստ…»: Սա էլ` Ավ. Իսահակյանի բնորոշումը: Հավելենք նաև ծննդավայրի` տերյանական կարոտը. «Ամենից հաճախ ես դառնում եմ տուն-դեպի մեր գյուղը և մեր գետը, մեր տան դիմացի բլուրը… այնքա՜ն հրաշք ու դյութական բան կար մեր գյուղում, գետի ափին, բլրի մոտ»:
Մանուկ Վահանը եղել է ունակ, աշխատասեր, պրպտուն երեխա: Եվ հայրը, ով քահանա էր, շտապում է նամակով դիմել Լազարյան ճեմարանի տնօրենությանը` փաստելով որդու ուսյալ լինելը. «Որդիս 10 տարեկան է, վերջացրել է գյուղական մեկդասյա ուսումնարանի դասընթացը, կարողանում է ռուսերեն և հայերեն ճիշտ կարդալ ու գրել, գիտե թվաբանական չորս գործողությունները, կրոն, Հին ու Նոր կտակարան»:
ՈՒսումնառության տարիներին Վահանը չէր թաքցնում ճեմարանում դասավանդվող առարկաների պակասով պայմանավորված իր անհանգստությունը և Ս. Օտարյանին գրած նամակում մտահոգություն է հայտնում. «…Մեր ճեմարանը պետք է դնե իր առանձին պահանջները, ինչպես` հայոց պատմություն մտցնել, որ նախկին ծրագրում կար, հայոց լեզվի դասերը ավելացնել, մինչև 5-րդ դասարան աշխարհաբար լինի և այլն»: Սակայն, այս ամենով հանդերձ, Լազարյան ճեմարանում ուսանելու տարիները լուսավոր էին նրա հիշողություններում.

«Երբ դառն օրերի անխինդ խոհերում
Վհատությունն է տիրում իմ սրտին,
Մեր ճեմարանն եմ ես մտաբերում,
Որպես հոր տունը անառակ որդին»:

Տերյանը 23 տարեկանում հայ գրականության մեջ հրաշքի պես հայտնվեց իր «Մթնշաղի անուրջներ» կախարդիչ գրքով:
Տերյանն այն բանաստեղծն է, քաղաքական այն գործիչը, ում առաքելությունն ամենադժվարինն ու ամենապատասխանատուն էր այն ծանր ժամանակներում: Նա դարձավ անմեղ զոհը անհավասար պայքարում, երբ հերթական անգամ հզոր գերտերություններն ընդունում էին մեր ազգի համար անբարենպաստ որոշումներ: Հիշենք 1918 թ. հունվարի 12-24-ի Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը, որի կնքմանը, որպես սովետական պատվիրակության խորհրդական, մասնակցում է նաև Տերյանը: Սա չէր կարող անհետևանք մնալ երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ, նրբազգաց ու ըմբոստ երիտասարդ բանաստեղծի համար, և ահա համարժեք պոռթկումը հերթական անարդարության դեմ.

«…Փշով են պատած ուղիներըս մութ,
Մեր տեսիլքները սառն ու ահավոր,
Մեզ գգվում են միշտ գգվանքով մի սուտ,
Մեզ խաչ են, խաչ են հանում ամեն օր…»:

Վահան Տերյանի գրական ժառանգությունը դեռևս ուսումնասիրության լուրջ պակաս ունի: Խորհրդային տարիներին ուսուցանվող դասաժամերը, որոնք կենտրոնից թելադրվող գործառույթներ էին և շատ հեռու ազգային ինքնության գաղափարի ձևավորումից, անհասկանալիորեն շարունակվում են նաև մեր օրերում:
Ակնհայտ է, որ Տերյանը հեռու է սոսկ աշնան տխուր երգեր գրող բանաստեղծ լինելուց. նրա ստեղծագործությունը մի հզոր, համարձակ, ամբողջական խոսք է, իշխող բարքերին, աշխարհի գերտերություններին նետված մարտահրավեր է նաև, որոնք, անտեսելով փոքր ազգերի շահերը, փորձում էին ի նպաստ իրենց լուծել աշխարհի, ի մասնավորի` Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրները. «Բացի արտաքին արգելքներ հաղթահարելուց, ամեն մի` ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչյաներն են»:
Վահան Տերյանը ստեղծագործել է` հարստացնելով ու պերճացնելով մեր ոսկեղենիկ մայրենին: Լեզվի կարևորության մասին նրա բազմաթիվ վկայություններից հիշենք այս մեկը. «Լեզուն կուլտուրայի ամենաճշգրիտ ու անսխալական նշանացույցն է: Կուլտուրականության առաջին պայմանը զարգացած, հարուստ և ճկուն լեզուն է»:
1917 թ. հունվարի 18-ին Երևանի քաղաքային ակումբի սրահում դասախոսություն է կարդում` «Հայոց նոր շրջանի բանաստեղծության ոճի ու լեզվի զարգացման մասին» թեմայով: Պոետի բանաստեղծական լեզվի մասին մեր պատկերացումներն ամբողջացնենք Չարենցի գնահատանքով. «Տերյանի պոեզիան նաիրյան խոսքերի գանձարան է», կամ` «Հանձին Վահան Տերյանի, մեր գրական լեզվաշինության ասպարեզում մենք տեսնում ենք մեր գրական լեզվի հիմնական, կենտրոնաձիգ տենդենցի վերջին ամենացայտուն և ամենաբնորոշ կրողին»: Հավելենք նաև Պարույր Սևակի կարծիքը. «Տերյանը ազնիվ մետաղի փայլ տվեց մեր արքայական լեզվին»: Ապա Համո Սահյանինը. «Նա, բացի պոեզիայի նոր լեզու ստեղծելուց, ստեղծել է լեզվի պոեզիա»:
Տերյանի գործերը ճշմարիտ արժեքներ են նաև այն պարզ պատճառով, որ շնչում են ազատ, անկաշկանդ, անկախ այլ ազդեցություններից և ճնշումներից: «Գեղարվեստն անազատ լինել չի կարող» հավատամքն ունեցողն այլ կերպ չէր էլ կարող ստեղծագործել: «Հոգիս ծայրեծայր լիքն է պոեզիայով… Ազատություն եմ ուզում տալ հոգուս և խոյանքներիս, որոնք այնքան երկար ժամանակ «հալածված ու ճնշված են եղել իմ կողմից».

«Արածներիդ համար երբեք չես ասելու ախ
ու ափսոս,-
Չարածներիդ համար պիտի ասես ափսո՛ս,
հազա՛ր ափսոս.
Վահան Տերյանն ասաց-ավա՛ղ, ինչո՞ւ դրի
սրտիս կապանք,
Քանի՛ սերեր, քանի՛ հուրեր զուր
հանգցըրի-հազա՜ր ափսոս…»:

Հարուստ ժառանգություն է նաև բանաստեղծի նամականին. «Նամակ գրելը ես համարում եմ մի զրույց, իսկ ընկերական և մտերմական զրույցի ժամանակ խոսքեր չես ընտրում և չես աշխատում խոսել տրամաբանորեն ու «խելոք», այլ զրուցում ես անբռնազբոսիկ, ազատ, առանց վախենալու և քաշվելու... Նամակում գրածիս համար ոչ ոք իրավունք չունի ինձ պատասխանատվության կոչելու, ինչպես իմ մտերմին ասած մասնավոր, ինտիմ խոսակցության համար, ինչին էլ վերաբերի այդ զրույցը»:
Բանաստեղծի բարձրարժեք գործերը կերտվել են երաժշտական բացառիկ զգացողությամբ, և բնավ էլ պատահական չէ, որ նրա խոսքերով գրված ու սիրված շատ երգեր կան: «…Երաժշտությունը իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով ես լսում եմ: Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ»: «Դա օրհնյալ արվեստ է, և երջանիկ են նրանք, ովքեր հաղորդակցվում են նրան»:
Պետք է նկատել, որ Տերյանը հավատարիմ մնաց Չարենցի հորդորին. «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր…», ու դարձավ ոչ միայն ժամանակի շունչը, այլև կերտեց իր ժամանակը: «...Մեր մոտավոր նպատակն է՝ զարգացնել մեր բոլոր ստեղծագործ ուժերը, այլ կերպով արտահայտել մեզ կյանքում, այսինքն՝ մտնել կուլտուրական մարդկության գերդաստանը՝ ոչ իբրև խորթ զավակ կամ ծույլ ու խավար մի ստրուկ, այլ ձուլել մեր կյանքը համամարդկային կյանքի հոսանքին, պահպանելով մեր հոգեկան առանձնահատուկ գծերն ու գույները...».

«Մշուշի միջից,- տեսիլ դյութական,-
Բացվում է կրկին Նաիրին տրտում.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքան ներում-ո՞ր երկրի սրտում…»:

Սերունդը կրթելու, դաստիարակելու գործում բանաստեղծը մեծապես կարևորել է դպրոցի դերը. «Ամենից առաջ, իհարկե, դպրոցն է, որ մտավոր-հոգեկան կուլտուրայի ստեղծման ամենախոշոր մի գործոն է հանդիսանում»:
Մեծ ազգերի գրականությանն ու մշակույթին միաձուլվելու առումով պոետն առանձնակի անհանգստություն է ապրում ու անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերում. «Հայ գրականության մեջ իշխող գաղափարը, նրա հիմնական առաջմղիչ ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղափարն է», և ապա` «Մշակույթը ավանդական է, դա ոչ թե գիտելիքների բան է, այլ հոգեկան կառուցվածքի, դաստիարակության բան».

«…Ինչպե՞ս չըսիրեմ, երկիր իմ կիզված,
Պարզված վերըստին սրերին սուրսայր,
Ինչպե՞ս չըսիրեմ-հեզությամբ լցված
Դու յոթնապատի՛կ խոցված Տիրամայր»:

Իր ապրած կարճատև կյանքում պոետը հիասթափվելու բազմաթիվ առիթներ է ունեցել, հաճախ է իրեն խաբված զգացել: Դրա վկայություններից է եղբորը` Ղազար Ջավախեցուն գրած նամակի այս հատվածը. «Կյանքիս վերջին օրերն եմ ապրում, Ղազար ջան: Ցավ չէ մեռնելը, բայց այսպիսի ժամանակ մեռնելը կրկնակի մահ է… դեռ ինչքա՜ն գործ կա անելու… Սո՛ւտ է, Ղազա՛ր ջան, սուտ, խաբում են ինձ բոլորը… Ցավս է մենակ, որ չի խաբում, խեղդում է».
«…Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու.
Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնա՜ք բարով, մնա՜ք բարով»:
Իր հորդորի հանգույն` հիշենք, սովորենք նրանից ու պահպանենք մեր մեծերին հաղորդվելու հրաշք իրողությունը, որից մեզ բաժին կհասնի, Չարենցի բնորոշմամբ, մի զարմանալի՜ քնքուշ և խնդագին զգացմունք։

Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2714

Մեկնաբանություններ